Շնորհակալ եմ…


 

thank-youԳիտե՞ս, չեմ կարողանում հասկանալ` ինչպե՞ս հայտնվեցիր, ինչու՞ եկար: Ու միևնույն ժամանակ չեմ կարողանում հավատալ` դու իրակա՞ն ես: 150 օր, չնչին մի ժամանակ, բայց արդեն մեծ, շատ մեծ մի պատմություն, որ կարելի էր տպագրել մի քանի հատորով: Չեմ ուզում թերթել այդ գրքի էջերը, հիշում եմ մեր անցած ճանապարհն ու կարոտում եմ, շատ եմ կարոտում: Չեմ ուզում ավարտվի այս պատմությունը: Դու եղար մի լույս, որը ստիպեց ինձ երբեք չհուսահատվել: Քո շնորհիվ ես հիմա ուրախ եմ, ես գիտեմ ինչ է կյանքը, ու ինչ եմ ուզում կյանքից: Քո շնորհիվ ես հասկացա ամենաանհասկանալին:Բացեցի սիրտս քո առաջ, սովորեցի նվիրվել: Ամեն օր, նայելով լուսնին, հիշում եմ քո ձայնը, քեզ, խոսքերդ… Լուսինն էլ անկեղծ է քեզ պես: Մի հրաշք, որին գտա պատահական: Ու չեմ ուզում կորցնել… Խնդրում եմ, միշտ ինձ հետ եղիր: Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, շնորհակալ եմ, որ դժվար պահին ինձ մենակ չես թողել, միշտ իմ կողքին ես, լսում ես ինձ գիշեր թե ցերեկ: Շնորհակալ եմ, որ դու կաս աշխարհում և իմ կյանքում…

 

Միջերիտա Խաչատրյան

 

Ի՞նչ մասնագիտություն ընտրել


Ավարտին է մոտենում ևս մեկ աշուն։ Չզգացինք, թե ինչպես անցան աշնան երեք ամիսները։ Գնալով մոտենում են օրերը։ Տանջանք, վախ, քննություններ, որոնք սկսվում են հունիս ամսից։ Եվս մեկ սերունդ…
Այս տարի էլ բարձրագույն ուսումնական հաստատությունները դատարկ չեն մնա, քանի որ միայն Թալինի ավագ դպրոցից 50-ից ավելի դիմորդներ կան, ովքեր ամեն կերպ ջանում են լավագույնս պատրաստվել քննություններին։
Իսկ ի՞նչ մասնագիտություններ են գերակշռելու այս տարի՝ տնտեսագե՞տ, բանասե՞ր, դերասա՞ն, բժի՞շկ, թե՞… Այդ իսկ պատճառով Թալինի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների շրջանում անցկացրեցինք հարցում ու պարզեցինք մեզ հետաքրքրող հարցի պատասխանը։ ԻՆչպես ամեն տարի, այս տարի ևս գերակշռում են տնտեսագետները, ովքեր կազմում են դիմորդների 30%-ը։ Այնուհետև մեծ մաս են կազմում իրավաբանները, որոնց հաջորդում են բանասերները, ծրագրավորողները, լրագրողները, քիմիկները, ռադիոտեխնիկները։ Ավելի փոքր խումբ են կազմում ԵՊԲՀ- ի ապագա ուսանողները, դեսպանները, դիզայներները, ինչպես նաև Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ուսանողները։
Եվ այսպես, հաջողություն ենք մաղթում ձեզ բոլորիդ, ցանկանում, որ բոլորդ էլ գտնեք ձեր տեղը կյանքում ու շարունակեք զարգացնել այն մասնագիտությունը, որն ընտրելու եք։ Լավ մասնագետը միշտ ունի իր պահանջարկը։

Անի Ասատրյան

Ոսկե աշուն


Նոյեմբերի 23-ին Թալին քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ ՙՈսկե աշուն՚ խորագիրը կրող միջոցառում։ Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան անհատ կատարողներ, պարային խմբեր ամբողջ Թալին համայնքից։ Եղավ նաև վիկտորինա, որի հարցերին ճիշտ պատասխանողները շահեցին մրցանակներ։ Միջոցառումը բավականին լավ էր կազմակերպված։ Դա էր վկայում ներկաների բարձր տրամադրությունը։

Միջոցառումը տևեց մոտ 4 ժամ։ Բեմից հնչեց և՜ ասմունք, և՜ երգ, և՜ պար։ Երգերը բազմաժանր էին։ Բավականին ջերմ ընդունվեց հանդիսատեսի կողմից Թալինի ավագ դպրոցի տղաների երգը ռեպ ոճում։ Հանդիսատեսը իր ջերմ ծափահարություններով հաստատում էր, որ միջոցառումը իրոք հաջողվել է։
Միջոցառումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին, և վերջիններս հեռացան բարձր տրամադրությամբ և հաճելի հուշերով։

Մարուսյա Խաչատրյան

ՍոնաԳալստյան


Փորձում եմ մոռանալ քեզ, չի ստացվում։ Անհնար է քեզ ինձ ջնջել իմ կյանքից։ Ես բացի քեզանից ուրիշ ոչ ոք չունեի, ով ինձ կհասկանար կես խոսքից։ Դու իմ ամենալավ ընկերն էիր։ Երբ տխուր էի լինում, գալիս էի քեզ մոտ, պատմում և հանգստանում։ Երևի դու հիմա ավելի լավ ընկեր ես գտել, չգիտեմ։ Միգուցե կարողացել ես ինձ մոռանալ։ Բայց ես չեմ կարողացել ու չեմ էլ կարողանա գտնել քեզանից ավելի լավ ընկեր։ Ոչ ոք երբեք չի լրացնի քո տեղը։ Ախր դու այնքան լավն էիր…
Հիմա կյանքս դատարկ է առանց քեզ, չկա մեկը, ով ինձ հասկանում է, կարդում մտքերս ու փորձում ինչ-որ կերպ օգնել ինձ։ Հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ մենք հանդիպեցինք։ Դու հագել էիր գեղեցիկ վարդագույն զգեստ, ու երբ քեզ հանձնեցին ինձ, ես հասկացա, որ դու ես այն միակը, ով պետք է ինձ։
Ես քեզ շատ եմ սիրում, իմ սիրելի շնիկ Պանչո, ու ցավում, որ այսօր դու ինձնից հեռու ես, ու ես կորցել եմ քեզ։

Սոնա Գալստյան


Միայն մեկ բան է պակաս մնում կատարյալ խելագար դառնալու համար` շրջապատող մարդկանց կարծիքները: Երբ ունես նուրբ հոգի և փխրուն սիրտ, բոլորը հեշտությամբ օգտվում են դրանից: Դա քո թուլությունը չէ: Ուղղակի ինքդ ես սիրում դարձնել քեզ արատավոր, թույլ, անօգնական և միայնակ:
Շատ լավ եմ քեզ հասկանում, որովհետեվ ինքս էլ ունեմ որոշակի խնդիրներ՝ կապված <<ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ>> հետ: Բարդ է, երբ քեզ հասարակությունը առանձնացնում է և ցույց տալիս, որ սահման կա <<քո և նրանց>> միջև: Բարդ է, երբ քեզ բառից բուն իմաստով օգտագործում և դեն են նետում, ստում են և հաճույք ստանում, վիրավորում են և… Եվ կրկին դու ինքդ քո մեջ մտածում ես ծայրահեղ քայլերի մասին: Իսկ այդ պահին չկա մեկը, ով կբռնի ձեռքդ և կասի, որ դու դեռ պետք ես նրան:
Կգա մի ժամանակ, որ դու դեռ ծիծաղելու ես քո արարքների վրա:
Գուցե այնքան անուշադիր լինես, որ կորցնես անգամ ամենանվիրված, հարազատ և սրտացավ մարդուն: Կկորցնես, բայց նա չի մոռանա, որ մի ժամանակ երջանիկ է եղել՝ շնորհիվ քեզ:
Դու ոչինչ չես ձեռնարկի ետ բերելու համար, իսկ նա կանի առաջին քայլը: Ինչպես միշտ վերջում միայն ձևական շնորհակալություն և <<Ողջույն նոր ընկերներ և կյանք>>:
Ցտեսություն, իմ խելագար ընկեր: Ես էլ քեզ պես նոր կյանք եմ սկսում և այս անգամ առանց քեզ:

Ռուզան Սարուխանյան

Все пахнет тобой


Երկինքը ներկված է այնպես, ինչպես առաջ: Հուսալքված ծառերը բաց են թողնում իրենց վերջին տերևները` սպասելով նոր օրվա: Մոտենում է ձմեռը:Դժվար է շնչել: Հիշում եմ, որ չեմ կարողանում չհիշել: Ապրում ու հասկանում եմ, որ տարօրինակ կերպով տարածված ես ամենուր,անգամ մեքենաների ծխի մեջ, բենզինի հոտում: Ուղեղս դեռ աշխատում է վերջին աշուն-ձմեռ հոգեթով երգերով: Քո հիշողության մեջ ես հավերժ կմնամ հենց այդ նույն երգերը շուրթերիս, սպիտակ և սառած: Մարդիկ մի օր կհասկանան պատճառն իմ ոչ արդարացնող:
Կան մարդիկ, որոնք <<ուղղակի>> են իմ կյանքում, իսկ իմ հիվանդ բանականությունը քեզ աստվածացրեց և միտք էլ չունի <<ուղղակի>> դարձնելու: Ես ամեն կանգառում, լուսակիրի կանաչ գույնի մեջ քեզ եմ փնտրում, իսկ դու ամեն տեղ ես միայն կարմիր գույնով: Քո լուսակիրը երբեք կանաչ չփոխեց: Ես այդպես էլ չկարողացա խեղդել ձայնդ լսելու անհագ ցանկությունս: Ես փորձում եմ կիլոմետրերը կարճել զանգերով և sms-ներով, որոնք այլևս չեն ունենա իրենց պատասխանները: Ես տալիս եմ հարցեր ուղղակի, աննպատակ, որ ձգեմ, երկարացնեմ րոպեները, իսկ դու վաղուց պատասխանողի դերում չես:
Գոյություն ունեն մարդիկ, որոնք ուղղակի գոյություն ունեն: Իմ ու քո պես:Մենք երազում են թռչել. բայց չկանք մենք. դու շատ հեռու ես:Դու ամեն ինչում ես, իմ մեջ, իմ կողքին:Քեզանով շնչում ու անշնչանում եմ: Միայն խնդրում եմ մի փոքր հույս տուր:

Լյուբա Հակոբյան

Բնութագիր


Բարի գիշեր: Քնիր, խնդրում եմ: Ամուր գրկիր բարձդ և արցունքներդ ծածկիր դրանով: Պատմիր քո անիրական ցանկությունները սենյակիդ պատերին: Նրանք լուռ կլսեն քո բոլոր պատմությունները և ոչինչ չեն ասի: Բայց կրկին կներեն:
Աչքերդ էլ չեն հետևում հին ստվերներին: Դու առաջվա հայացքները չես փնտրում ամբոխի մեջ: Միայնակ մնալուց հայելու առաջ էլ չես արտասվում: Դու հասկացել ես, որ առաջվա իրականությունը հիմա միայն ցնորք է :
Երբեմն ցանկանում ես հորինել մի վերջաբան, որը կփրկի քեզ: Որը կտա քեզ ու քո մոլորված հոգուն անդորրություն: Բայց արդեն ուշացել ես :
Դու միշտ ուշանում ես: Որևէ քայլ անելուց առաջ չես մտածում: Արդեն շատ ուշ է: Կրկին հիմարություն ես արել: Բայց այդ քո հիմարությամբ մեկի սրտում ապրելու ցանկություն է ծլել, ու քեզ մնում է այն ջրել, որ չթոշնի:
Դու տարօրինակ արարած ես, որը չգիտի այս կյանքից ինչ է ուզում: Մոլորված մի մարդ, որի համար անծանոթ են մարդկային ջերմությունը , սերը:
Վախի մթնոլորտում ապրելը դարձել է քեզ համար սովորական: Դու չես ուզում հասկանալ, որ տետրիդ հետևում գրված ամեն մի խզբզանքը ցույց է տալիս քո անորրշ վիճակը: Դու ընկել ես հենց քո գո գործած սարդոստայնի մեջ և հազիվ թե այնտեղից դուրս գաս : Մտածում ես, որ քո պատկերացրած պատմությունը վերջաբան չի ունենա, բայց սրտիդ մի անկյունում պահում ես այն ժամանակները, երբ իսկապես երջանիկ ասվածը հենց քեզ էր վերաբերում: Թեկուզ ուրիշները քեզ չեն հասկանում, բայց դու այդ ուրիշներից թաքուն կրկին երազում ես ցուրտ ձմռան, ջերմ ու մտերմիկ ամռան և արդեն բաժանում խորհրդանշող գարնան մասին: Իսկ աշունը իր գալստով քեզ հիշեցնում է, որ նոր կյանքի սկիզբ է :
Դու միգուցե երբեք էլ չմեծանաս: Չփոխվես: Մնաս նույն շփոթված , անհանգիստ ու երազկոտ աղջիկը: Քայլես քեզ հարազատ փողոցներով , նայես << քո>> տան պատուհաններին ու ամեն անգամ հանդիպես շատ հարազատ անծանոթին , բայց այս անգամ ջերմ բարևես և , ինչու չէ , հարցնես նրա որպիսությունը: Նա կժպտա միայն իրեն հատուկ ժպիով և փոխադարձաբար կհետաքրքրվի քեզանով: Զրույցը կտևի մի քանի րոպե , հետո դուք կբաժանվենք, բայց ոչ այն հույսով , որ էլի եք հանդիպելու:
Ժամանակ կանցնի։ Դու կբացես քո հուշատետրը: Կլրացնես վերջի էջը և կնետես պատուհանից դուրս: Ասֆալտը թաց կլինի: Ջուրն իր մեջ կծծի քո հիշողությունները, իսկ դու կնայես քեզ հայելու մեջ և կժպտաս: Դու արդեն մեծացել ես:
Անուտա Աթանեսյան